Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի սենատը օրերս հավանություն է տվել պատգամավոր Քեւին դե Լեոնի ներկայացրած օրինագծին, որի շրջանակում պետական բուհերի ուսանողներն այսուհետ նախքան սեքսով զբաղվելը պետք է զուգընկերոջ առանց երկիմաստությունների, իսկ ավելի լավ է` գրավոր համաձայնությունը ստանան:

«Բիլլին»  հավանություն են տվել 36  պատգամավորներից 27-ը: Օրինագծի ըստ էության քննարկումը հաջորդ նստաշրջանի համար է նախատեսված, գրում է LA Weekly պարբերականը: Օրինագծի տեքսը հրապարակվել է սենատի պաշտոնական կայքում` SB 967 հերթական համարով:

Փաստաթղթում ասվում է, որ բողոքի կամ դիմադրության բացակայությունը, ինչպես նաեւ լռությունը հակառակ կողմի համաձայնություն է նշանակում: Անօրինական սեքսի համար ամուսնական կամ ռոմանտիկ հարաբերությունները, ինչպես նաեւ համատեղ կեցությունը արդարացում չեն կարող լինել, մեկնաբանում է NEWSru.co.il-ն:

Դե Լեոնը ներկայացված օրինագծի արդյունավետությունը Քալիֆորնիայի համալսարանի եւ ԱՄՆ մի շարք այլ հաստատությունների օրինակով է վկայում, որտեղ նման քաղաքականություն է իրականցվում: Նա ընդգծել է, որ ներկայացված օրինագիծն ընդամենը առաջին քայլն է` Քալիֆորնիայի համալսարանական կենսակերպում սեռական բռնության ծավալների նվազեցման ճանապարհին:

Համաձայն փաստաթղթի, համաձայնությունը պետք է ողջ սեռական ակտի վրա տարածվի: Այն ցանկացած պահի կարելի է հետ վերցնել: Ընդ որում, սեռական բռնության մեջ մեղադրվող անձինք չեն կարող, որպես մեղմացուցիչ հանգամանք, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու հիմնավորումը բերել: