Քալիֆորնիա նահանգի Սանտա-Բարբարա քաղաքի ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտները կատակել են ուսումնական հաստատության տնօրենի հետ՝ ուղարկելով վերջինիս 4 մարիաչիներից կազմված նվագախումբ: Երաժիշտները հետեւել են ուսուցչին վաղ առավոտից՝ երգելով նրա հետեւից:
Մանկավարժի խոսքերով, նա մարիաչիներին հայտնաբերել է իր աշխատասենյակում հունիսի 3-ի առավոտյան, ժամը 7:15-ին: Այն հարցին, թե երաժշտական խումբը ի՞նչ գործ ունի վերջինիս աշխատավայրում, տղամարդիկ երաժշտությամբ են պատասխանել: Դրանից հետո նրանք ուղեկցել են նրան միջանցք եւ երաժշտական ուղեկցությումբ հետեւել ամբողջ ժամվա ընթացքում, գրում է Los Angeles Times-ը: Դպրոցի միջանցքներում տեղի ունեցածը տեսաձայնագրվել է:
Թե որքա՞ն գումար է նստել այս չարաճճիությունը ավարտական երեխաների վրա, դեռեւս պարզ չէ, իսկ մարիաչիներն իրենց հերթին պատվիրատուների արարքը չեն մեկնաբանել: Տնօրենը նշել է, որ երաժիշտների հրավերը աշակերտների կողմից միակ արկածը չէ. մարիաչիների հնարքից մեկ օր առաջ նրանք ժապավենով փաթաթել են աշխատասենյակի բոլոր իրերը:











