Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին: Ողջունելով դեսպանին՝ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է հայ-քուվեյթյան հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը: «Որպես վարչապետ պատրաստ եմ անել հնարավորը՝ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերություններն ակտիվացնելու համար»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետը դեսպանին է փոխանցել Քուվեյթի վարչապետ, Նորին Վսեմություն շեյխ Ջաբեր Մուբարաք ալ-Համադ Ալ Սաբահին Հայաստան այցելելու հրավերը եւ համոզմունք հայտնել, որ նման մակարդակի փոխայցելությունները կնպաստեն երկկողմ կապերի զարգացմանը: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարն ընդգծել է հայ-քուվեյթյան գործարար համաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը, ինչը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջեւ առկա տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ քուվեյթցի ներդրողների ներգրավումը մեր երկիր նրանց առջեւ կբացի նաեւ Եվրասիական միության՝ Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի շուկաները:
Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին, շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները: Դեսպանը եւս կարեւորել է երկկողմ փոխգործակցության զարգացումը եւ վարչապետին ներկայացրել երկու երկրների միջեւ ուղիղ չվերթերի կազմակերպման ուղղությամբ աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ դա իր հերթին կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, տնտեսական տարբեր ծրագրերի իրականացմանն ու երկու ժողովուրդների միջեւ շփումների ակտիվացմանը:
Միաժամանակ, Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին խոստացել է Քուվեյթի ներդրումային հիմնադրամին մանրամասն ներկայացնել ՀՀ-ի՝ ՄՄ-ին անդամակցելու գործընթացը եւ ներդրողների համար բացվող հեռանկարները:
Իր հերթին, դեսպանը եւս Հովիկ Աբրահամյանին հրավիրել է Քուվեյթ:





























