Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր՝ հունիսի 5-ին, ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի թիմին՝ Իվան Դրաբեկի գլխավորությամբ, եւ նրա հետ քննարկել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը Տարածքային զարգացման հիմնադրամի վերակազմավորման գործընթացի, հիմնադրամի գործունեության ուղղությունների, Համաշխարհային բանկի վարկային նոր ծրագրի բաղադրիչների հետ կապված հարցեր:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
Փոխվարչապետը ներկայացրել է այն գաղափարախոսությունը, որը լինելու է նոր հիմնադրամի ձևավորման հիմքում՝ ընդգծելով, որ վերջինիս գործունեությունը հիմնականում ուղղված է լինելու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման աջակցությանը, համայնքների զարգացման համալիր ծրագրերի, այդ թվում՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվող ծրագրերի օժանդակությանը: Ակնկալվում է, որ հիմնադրամը կլինի այն մարմինը, որը ծրագրերի արդյունավետությունը կդիտարկի կոնկրետ տարածքի զարգացման տեսանկյունից:
ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ ներկայացված մոտեցումները հաշվի կառնվեն նոր ծրագրում, որը պետք է համահունչ լինի նոր ձևավորվող հիմնադրամի նպատակներին:
Նախատեսվում է, որ հիմնադրամն իր գործունեությունը կսկսի արդեն 2015 թվականից:




























