Ամերիկյան մալուխային հեռուստաալիք Lifetime-ը սկսել է Born in the Wild նոր ռեալթի շոուն, որի հերոսուհիները կծննդաբերեն վայրի պայմաններում առանց կողմնակի օգնության: Գաղափարի հեղինակները ոգեշնչվել են YouTub-ի հայտնի տեսանյութից, որտեղ կինը ծննդաբերում է արեւադարձային ափերից մեկում, հաղորդում է Mirror-ը:

2013թ. փետրվարին նկարահանված ցնցող տեսահոլովակը կես տարվա ընթացքում ավելի քան 20 մլն դիտում է հավաքել: Lifetime-ի ներկայացուցիչները հաղորդել են, որ նկարահանումները կանցկացվեն անտառում, անապատներում եւ Ամերիկայի այլ անմարդաբնակ վայրերում: Ծրագրի հերոսուհիները կանայք են, որոնք պատրաստ են «ամեն ինչ ինքնուրույնաբար անել», ասվում է ծրագիրը պատրաստողի մամուլի հաղորդագրությունում, հաղորդում է Vesti.ru-ն:

Բնականաբար այս համարձակ գաղափարը նաեւ հակառակորդներ է ձեռք բերել: Ցինցինատի համալսարանին կից բժշկական կենտրոնի մասնագետների խոսքերով, վայրի պայմաններում ծննդաբերությունը կարող է հանգեցնել երեխաների մահվան:

Lifetime ալիքի տնօրեն Էլի Էսթերը հայտարարել է, որ նոր հեռուստաշոուին մասնակցող կանայք ի սկզբանե ցանկացել են ծննդաբերել առանց կողմնակի օգնության. «Բնականաբար, մենք չենք պարտադրում նրանց դա անել: Բացի այդ ծննդաբերության ժամանակ մեր ներկայությունը ավելի լավ է, քան ոչ մեկի ներկայությունը»: