Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում հրթիռային գնդակոծության հետեւանքով հինգ հայ է վիրավորվել: Ինչպես հաղորդում է Սիրիայում լույս տեսնող հայկական «Գանձասար» թերթը, վիրավորվել են Մարիա Խաչերյան-Չիլինգարյանը, Լեւոն Չերչեյանը, Թալին Մինասյանը, Անի Մահսերչյանը եւ Օվսեմ Դեմիրճյանը:
Հաղորդում են, որ հայերը վնասվածքներ են ստացել հունիսի 1-3-ի ընթացքում հայկական թաղամասի ինտենսիվ հրթիռային գնդակոծության հետեւանքով:
Նշենք, որ նախքան արյունալի իրադարձությունների սկիզբը Սիրիայում 60-70 հազար հայ էր բնակվում: Կեսից ավելին բնակվում էր Հալեպում, մյուս հատվածը Լաթակիայում, Հոմսում, Ղամիշլիում, Հասաքում, Յաղուբիայում, Ռաքքայում, Քեսաբում եւ Դամասկոսում:





























