Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ապագայում կարող է Եվրասիական տնտեսական միության ռազմական բաղադրիչը դառնալ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ ԵՏՄ երկրներին առջեւում լուրջ ինտեգրացում է սպասվում. «Առջեւում այս միության շրջանակներում մեզ սպասում է ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական ինտեգրացում, քանի որ ամեն ինչի հիմքում տնտեսությունն է ընկած: Եթե կա տնտեսություն, եթե այն համախմբում է մարդկանց, ապա անպայման մենք կհանգենք այդ տնտեսության եւ շահերի պաշտպանության: Կարծում եմ, որ մենք շուտով կհանգենք նրան, որ ՀԱՊԿ-ն այս միության բաղադրիչ մաս կդառնա: Դա կլինի մեր ռազմական կազմակերպությունը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի այդ, նրա խոսքով, Միութենական պետության հետագա գոյության մասին հարցը կբարձրացվի միայն ԵՏՄ շրջանակներում համապատասխան մակարդակի ձեռքբերումներից հետո:

Լուկաշենկոն նաեւ խոստովանել է, որ դժգոհ է «եռյակի» շրջանակներում Աստանայում ստորագրված համաձայնություններից: «Իհարկե, դժգոհ եմ, քանի որ մենք հռչակում էինք միության ստեղծում առանց պահումների եւ սահմանափակումնրի»,- ասել է Լուկաշենկոն: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ շատ համաձայնություններ երկկողմանի հիմքերի վրա էին: Լուկաշենկոն նաեւ ընդգծել է, որ երկրները հստակ որոշել են մինչեւ 2025թ.-ը լուծել բոլոր խնդիրները: