Բրազիլիայի Կոնգրեսը հաստատել է օրինագիծը, որով ծնողներին ու խնամակալներին արգելվում է ֆիզիկական պատիժ կիրառել անչափահաս երեխաների դաստիարակության ժամանակ: Խախտողները ստիպված կլինեն հոգեբանական եւ հոգեբուժական խորհրդատվություն ստանալ, հաղորդում է Prensa Latina գործակալությունը:

Համաձայն օրինագծի դրույթների՝ 18 տարեկանից ցածր անձինք պետք է դաստիարակվեն «առանց ֆիզիկական պատժամիջոցների», նրանց նկատմամբ վերաբերմունքը չպետք է լինի «դաժան կամ նվաստացուցիչ»:

Ֆիզիկական պատիժ է համարվում «ֆիզիկական ուժի կիրառմամբ կարգապահական միջոցառումը, ինչը կարող է հանգեցնել տառապանքի կամ մարմնական վնասվածքների»: Դաժան եւ նվաստացուցիչ է համարվում այն պատիժը, որն ուղեկցում է «նվաստացմամբ, սպառնալիքներով կամ ծաղրանքով», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հաղորդել է սենատոր Անա Ռիտան, տուժած երեխաները կամ երեխաների հետ դաժան վերաբերմունքի ականատեսները պետք է դիմեն հատուկ ստեղծված  հսկիչ խորհուրդներ, որոնք եւ կատարված խախտումների ծանրությունից կախված՝ համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն:

Օրենքի նախագիծը մշակվել է գրեթե 4 տարի, իսկ այժմ այն պետք է հաստատի նաեւ երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը: