Հնդկական Մադհյա-Պրադեշ նահանգի ներքին գործերի նախարար Բաբուլար Գաուրը մասնակիորեն արդարացրել է կանանց նկատմամբ սեռական բռնությունները, գրում է գերմանական ամսագիր Der Spiegel-ը: Նրա խոսքով՝ բռնաբարությունը «սոցիալական հանցագործություն է, որը կախված է ինչպես տղամարդուց, այնպես է կնոջից: Երբեմն այն արդարացված է, երբեմն՝ ոչ»: 

Նախարարի սկանդալային հայտարարությունից հետո նրանից հրաժարվել է Հնդկական ժողովրդական կուսակցությունը, որի անդամ էր նաեւ Գաուրը: Կուսակցության մամուլի ծառայությունում հավաստիացրել են, որ կուսակցությունը չի կիսում այդ քաղաքական գործչի տեսակետը:

Der Spiegel ամսագիրը հիշեցնում է, որ վերջին ժամանակներս Հնդկաստանը բառացիորեն հեղեղվել է բռնաբարությունների եւ կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի ալիքներով: Այսպես, նախորդ շաբաթ համաժողովրդական  վրդովմունք  էր առաջացրել 12 եւ 14 տարեկան երկու քույրերի բռնաբարությունն ու սպանությունը Ուտար-Պրադեշ նահանգում: Մի քանի օր անց աղջիկներին գտել էին ծառերից կախված: Հասարակությունում մեծ արձագանք է ստացել նաեւ 2012թ. դեկտեմբերին հնդիկ ուսանողուհու բռնաբարությունն ու դաժան սպանությունը, հաղորդում է Inopressa.ru-ը:

Կանանց իրավունքները պաշտպանող շարժումների ակտիվիստները համոզված են, որ ոստիկանությունը հաճախ լուրջ չի վերաբերվում նմանատիպ հանցագործությունների բացահայտմանը: Միայն կառավարության պաշտոնական տվյալներով, յուրաքանչյուր 22 րոպեն մեկ Հնդկաստանում հերթական բռնաբարությունն է տեղի ունենում: