Femen-ի երկու ակտիվիստուհիները կարող են դատապարտվել մինչեւ 3 տարվա ազատազրկման, որոնք Թուրքիայում մարտի 30-ին, տեղական ընտրությունների ժամանակ սկանդալային ակցիա էին իրականացրել Ստամբուլում: Նման խափանման միջոց է ընտրել դատախազությունը, որը կանանց մեղավոր է համարում հրապարակային վիրավորական գործողություններ կատարելու եւ ընտրությունների մասին օրենքի կատարմանը խոչընդոտելու մեջ:
Այդ մեղադրանքով կանանց սպառնում է 1-3 տարվա ազատազրկում: Մեղադրյալ աթոռին նստած են երկու ֆրանսուհիներ՝ 24 եւ 26 տարեկան՝ Սոլյեն Աննի Ասուանը եւ Էլվար Դյուվել Շառլը: Նրանք սկանդալային հայտնի Femen շարժման ակտիվիստուհիներ են, որը պայքարում է կանանց իրավունքների համար՝ տարբեր երկրներում թոփլես ակցիաներ կազմակերպելով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 30-ին, Femen շարժման երկու ակտիվիստներ փորձել են բողոքի ակցիա անցկացնել Ստամբուլում ընտրատեղամասում, որտեղ պետք է քվեարկեր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Կիսամերկ աղջիկներն իրենց մարմնին գրել են «Վատ Էրդողան» ի նշան բողոքի ընդդեմ Թուրքիայում YouTube եւ Twitter ծառայությունների արգելափակման: Տեղ հասած ոստիկաններն անհապաղ ծածկել են աղջիկների մարմնի մերկ հատվածները, որից հետո նրանց ձերբակալել են:
Հատկանշական է, որ նախօերին Էրդողանը փոխել էր քվեարկության վայրն այն բանից հետո, երբ Femen-ը հայտնել էր կայանալիք բողոքի ակցիայի մասին: Թե որտեղ է քվեարկել Թուրքիայի վարչապետը, չի նշվում:
Ակտիվիստները նախապատրաստվող ակցիայի մասին հայտնել էին Twitter-ում՝ գրառմանը կցելով գաղտնաբառի լուսանկարը, որը թույլ է տալիս օգտատերերին Twitter մտնել չնայած արգելափակմանը:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի մարտի 21-ից Թուրքիայի իշխանություններն արգելափակել են Twitter-ը, իսկ մարտի 27-ից՝ YouTube-ը:





























