Շարունակելով իր պաշտոնական այցելությունը Վատիկան, Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն հանդիպումներ է ունեցել պետական քարտուղար կարդինալ Բարոլինիի հետ։ Հանդիպման ժամանակ Վեհափառ Հայրապետը խոսել է Միջին Արեւելքի ներկայիս վիճակի ինչպես նաեւ քրիստոնյա համայնքների դիմագրաված մարտահրավերների մասին:

Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Վեհափառը անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ հայ ժողովրդի պահանջատիրական պայքարին ու գնահատել Վատիկանի ցուցաբերած աջակցությունը: Բարոլին կարդինալը կիսել է Վեհափառ Հայրապետի մտահոգությունը հատկապես Միջին Արեւելքի քրիստոնյաների վիճակի մասով եւ ասել, որ հարցը Վատիկանի համար առաջնահերթություն է: Կարդինալը նաեւ իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին ու նրա արդար պահանջատիրությանը:

Ի թիվս այլ հանդիպումների Վեհափառ Հայրապետը առաջնորդ սրբազանների հետ միասին այցելել է նաեւ Վատիկանի մոտ Լիբանանի ու Հայաստանի դեսպանատներ ու սիրալիր հանդիպումներ ունեցել դեսպանների հետ:

Հայաստանի դեսպանատանը, ըստ աղբյուրի, դեսպան Միքայել Մինասյանը ջերմորեն ողջունել է Վեհափառ Հայրապետին` նրան փոխանցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի մաղթանքները։ Վեհափառ Հայրապետը նշել է, որ լինել Հայաստանի դեսպանատան մեջ, նշանակում է լինել հայկական հողի վրա:

Վեհափառ Հայրապետն իր ուրախությունն է հայտնել, որ Հայաստանն ընդարձակում է իր դիվանագիտական հարաբերությունները եւ ողջունել է երիտասարդ դիվանագետների ներկայությունը արտաքին հարաբերություններում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին, Վեհափառ Հայրապետը ընդգծել է դեսպանների դերը այդ առումով` նշելով, որ 100-ամյակը միայն մեր ժողովրդի համար հիշելու առիթ չպետք է լինի, այլ նաեւ հիշեցնելու մեր շրջապատին հայ ժողովրդի բռնաբարված իրավունքները եւ այդ իրավունքներին վերատիրանալու մեր ժողովրդի հավաքական կամքը: