Բրիտանական Vodafone բջջային կապի օպերատորը զեկույց է հրապարակել, որտեղ աշխարհի 29 երկրներում հեռախոսային գաղտնալսումների մասին է հաղորդվում: Հիշյալ երկրներից վեցում իշխանությունները ցանցում պահվող տեղեկատվությանը ուղիղ հասանելիություն ունեն, գրում է The Financial Times-ը:
Vodafone-ի զեկույցը, իրավաբանական շարժառիթներից ելնելով, չի նշում, թե հատկապես որ երկրներն են հեռախոսային գաղտնալսումներով զբաղվում: Հատկանշական է, որ որոշ երկրների իշխանություններ էլ, իրականացվող հետաքննությունների շրջանակում` հետախուզվող անձանց գտնվելու վայրը պարզելու նպատակով, բաժանորդների մասին տվյալներ փոխանցելու խնդրանքով հենց ընկերությանն են դիմում: Օպերատորի կողմից հրապարակված տվյալների համաձայն, 2013թ. ամենամեծ քանակով հայցեր Իտալիայի, Տանզանիայի, Հունգարիայի եւ Իսպանիայի իշխանություններից են ստացվել, փոխանցում է Lenta.ru-ն:




























