Թուրք հաքերները կոտրել են Իսրայելի իշխող «Լիքուդ» կուսակցության կայքէջը իսրայելական զինուժի կողմից Գազայի հատված հումանիտար օգնություն տանող նավերի վրա  հարձակումից հետո։

Որպես Turk Grup ներկայացած հաքերների խումբը, կոտրելով «Լիքուդ» կուսակցության  www.likudnik.co.il կայքէջը, տեղադրել են մի լուսանկար, որում երեւում է, թե ինչպես են  Գազայի հատված օգնություն տանող նավի վրա հարձակման ժամանակ վիրավորված անձին ձեռնաշղթաներ գցած  տանում հիվանդանոց։ Նկարի տակ գրված են հետեւյալ գրությունները. «Նույնիսկ վիրավորին են ձեռնաշղթաներ հագցրել։ Դուք որդիներն եք աշխարհի ամենամեծ....», եւ նախորդ տարի Դավոսում Էրդողանի արած «Ձեզ մոտ սպանելը լավ է ստացվում» արտահայտությունը՝ թուրքերեն եւ անգլերեն լեզուներով։

Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան իսրայելական ռազմածովային ուժերը գրոհով վերցրել են «Խաղաղության նավատորմի» նավերը, որոնք մոտ 600 իրավապաշտպանների եւ 10 տոննա մարդասիրական բեռներ էին տեղափոխում Գազայի հատված: Որոշ տվյալներով, սպանվել են մոտ երկու տասնյակ իրավապաշտպաններ, իսկ նավերը տեղափոխվել են Իսրայելի նավահանգիստներ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի քայլը «պետական ահաբեկչություն» է որակել: Թուրքիան նաեւ ետ է կանչել Իսրայելում իր դեսպանին Օղուզ Չելիքքոլին: