Կաննի փառատոնին ներկայացած կինոգործակալները փորձել են մի քանի գոյություն չունեցող նախագծեր վաճառել, որոնց դերասան Նիկոլաս Քեյջն իբր մասնակցության համաձայնություն է տվել, հաղորդում է The Hollywood Reporter-ը: Հոլիվուդի հիշյալ աստղը բոլորովին չի խորշում փոքր բյուջե ունեցող եւ միջին վարպետության ֆիլմերում նկարահանվելու առաջարկներից, հիշեցնում է Gazeta.ru-ն:

Հետագայում պարզվել է, որ Քեյջն, այդուհանդերձ, հրաժարվել է իրեն վերագրվող մի քանի ֆիլմերից: Մասնավորապես, դերասանը լքել է «Ամուր ընկույզ» ֆիլմի ռեժիսոր Ջոն Մակտիրնանի «Կարմիր ջոկատ» նախագիծը: Սա կեղծ ցուցմունքներ տալու համար ազատազրկման դատապարտված եւ բոլորիվին վերջերս ազատության մեջ հայտնված հեղինակի երկար դադարից հետո առաջին ֆիլմ էր: 

Քեյջի անունը նաեւ բանկիրի կյանքից մի հատված ներկայացնող «Հինգ րոպե` ապրելու համար» ֆիլմի գովազդման համար է շահարկվել: Նախագծի սցենարը հետեւյալն է` հերոսի կնոջը առեւանգում են եւ 10 մլն դոլարի չափով գլխագին պահանջում:

Եւս մեկ ժապավեն` «Մութ ճանապարհ» թրիլլերը կեղծ գովազդի առարկա է դարձել: