«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Ներսես Մելքոնյանին քիչ առաջ ձերբակալեցին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներսեսի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
«Այսօր հիվանդանոցից դուրս գրեցին, անմիջապես հրավիրվեց ոստիկանության բաժանմունք եւ ձերբակալվեց: Նա որպես կասկածյալ է, կասկածվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու մեջ:
Այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով»,- ասաց նա:
Հետագա գործողությունների մասին փաստաբանը չցանկացավ խոսել:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ պատահական անցորդներ: Վիրավորվածներին տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար:
Գոռ Առաքելյանի նկատմամբ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























