Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին եւ «Արմթաբ թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանին:
Հյուրերը վարչապետին են ներկայացրել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման իրենց նախագիծը, որը, նրանց խոսքով, նպատակ ունի դառնալ ոչ միայն գիտակրթական, այլ նաեւ մշակութային ու ժամանցային հանգույց: Ա. Հարությունյանը ողջունել է ներկայացվող առաջարկները՝ կարեւորելով դրանց նշանակությունը Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում:
Ըստ նախագծի՝ Արցախի համար այդ աննախադեպ կենտրոնի տեխնիկական ու շենքային պայմանները հնարավորություն են տալու աշակերտներին գործնական հմտություններ ստանալ ՏՏ բնագավառում, ինչպես նաեւ ստեղծել նոր աշխատատեղեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նախագծային աշխատանքները, եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել դրա իրագործման ուղղությամբ:





























