Որոտանի կասկադ ՀԷԿ-ի միջոցով 2014թ.թողարկված էլեկտրաէներգիայի սակագինը գրեթե չի փոխվելու: Տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանն է հայտնել:

Նշենք, որ 2010թ. KfW գերմանական բանկը կասկադի վերանորոգման նպատակով 51մլն եվրոյի չափով վարկ է տրամադրել Հայաստանի կառավարությանը: ՀԷԿ-ի կողմից թողարկվող էլեկտրաէներգիայի` «Էլեկտրացանցերին» վաճառքի սակագինը 2010-13թթ նշանակալիորեն աճել է. 2013թ. այն առանց ԱԱՀ-ի մեկ կՎտ.ժ-ի դիմաց 6,8 դրամ էր կազմում (2010թ.` ընդամենը 0,96 դրամ): Գարեգին Բաղրամյանի համոզմամբ, սակագնի հերթական բարձրացման անհրաժեշտությունը չկա, կամ եթե լինի էլ` աննշան է փոխվելու: 

Ինչ վերաբերում է ընթացիկ տարում թողարկվելիք էլեկտրաէներգիայի ծավալին, չնայած Որոտանի ջրի մակարդակի հետ կապված որոշ խնդիրներ կան, այն շուրջ 1 մլրդ կՎտ.ժ է կազմելու:

Որոտանի կասկադ ՀԷԿ-ը 3 ենթակայաններից է բաղկացած` Սպանդարյանի (հզորությունը` 76 ՄՎտ), Շամբի (171 ՄՎտ) եւ Տաթեւի (157.2 ՄՎտ): Փակ բաժնետիրական ընկերության 100 %-անոց սեփականատերը, մինչ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից  ձեռնարկությունը 180 մլն ԱՄՆ դոլարի դիմաց ամերիկյան Contour Global ընկերությանը վաճառելու մասին նոյեմբերի 27-ի որոշման կայացումը, Հայաստանի կառավարությունն էր հանդիսանում: