Ֆրանսիայում կայացած բանակցություններից հետո Ուկրաինան սպասում է ՌԴ Դաշնային Խորհրդի որոշման չեղյալ հայտարարում Ուկրաինայում բանակ կիրառելու թույլտվության վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի քարտուղար Իրինա Ֆրիզը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:
«Ուկրաինա կժամանի ռուս ներկայացուցիչ, ում հետ կքննարկենք խաղաղ կարգավորման առաջին քայլերը»,- մեջբերել է նա Պորոշենկոյի խոսքերը:
Բացի այդ, Կիեւի նոր իշխանությունները համատեղ գործողություններ են սպասում երկրի հարավ-արեւելքում կոնֆլիկտի հատվածներում սահմանների փակման վերաբերյալ:
«Կարող եմ նշել, հարցերը դյուրին չէին, այդ թվում նաեւ արձագանքն իմ կողմից բարձրացված հարցին Ղրիմի վերաբերյալ, սակայն մենք ձգտելու ենք հասնել այն նպատակներին, որոնք մեր առջեւ դրել ենք, բանակցությունները սկսում ենք կիրակի»,- հայտարարել է Պորոշենկոն:
Հիշեցնենք, որ Պորոշենկոն մասնակցել է «Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան եւ Ուկրաինա» ձեւաչափում հանդիպմանը:





























