Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում գտնվող Օռլանդո քաղաքի իշխանությունները մտադիր են աշխարհի ամենաբարձր «ամերիկյան բլուրները» կառուցել։  Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, The Skyscraper անունը կրող ատրակցիոնը 174 մ բարձրություն է ունենալու, ինչը մոտավորապես 50 հարկանի շենքի բարձրության է հավասար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը։

Նորակառույց «ամերիկյան բլուրները», նախագծի համարձայն, ուղղաձիգ աշտարակի տեսք են ունենալու։ Այցելուներով բեռնված փոքրիկ վագոնները նախ վեր են խոյանալու՝ մինչեւ կառույցի գագաթը եւ ապա, առանցքի շուրջ պտտվելով, ժամում 105 կմ արագությամբ, նետվելու են ցած։  «Ճանապարհորդության» տեւողությունը մոտ 3 րոպե կկազմի։

Ներկայումս ամենաբարձր «ամերիկյան բլուրները» Նյու-Ջերսի նահանգի Six Flags ատրակցիոնների այգում են գտնվում։ Խոսքը 139 մետր բարձրությամբ Kingda Ka կառուցի մասին է։

The Skyscraper-ը 2016թ. բացվելիք Skyplex առեւտրա-ժամանցային համալիրի մասն է կազմելու։ Համալիրի տարածքում նաեւ 130 մ բարձրությամբ դիտանիվ է գործելու։