ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի պատվիրակները Նելսոն Ռոլիխլախլի Մանդելայի անվան պատվավոր մրցանակ են հիմնել։ Այն, որպես պարգեւ, Միացյալ Ազգերի Կազմակերպության նպատակների ու սկզբունքների իրականացման գործում ներդրում եւ ձեռբերքումներն ունեցած անձանց է հանձնվելու, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մրցանակի հիմնման մասին բանաձեւը պատմական է որակել, քանի որ այն «ժողովրդավարության եւ հավասարության հաղթանակի համար պայքարում մեծ զրկանքներ եւ ցավ ապրած» Մանդելայի ժառանգությունը պահպանելու եւ ընդլայնելու հնարավորություն է ընձեռում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նելսոն Մանդելան կյանքի 95-րդ տարում՝ 2013թ. դեկտեմբերի 5-ին է մահացել՝ Յոհաննեսբուրգի (ՀԱՀ) իր տանը։ Նա Հարավ-աֆրիկյան հանրապետության առաջին սեւամորթ նախագահն էր։ Երկիրը նրա ղեկավարության ներքո է գտնվել 1994թ. մայիսից մինչ 1999թ. հունիս։ Ապարտեիդի ռեժիմի դեմ ակտիվ գործունեություն ծավալելու համար Մանդելան 27 տարի բանտում է անցկացրել։ 1993թ. նրան խաղաղության Նոբելյան մրցանակ է հանձնվել։





























