Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հանդես է եկել կախարդական հեքիաթների պաշտպանությամբ, որոնց դեմ են արտահայտվել բրիտանացի աթեիստները:

«Մեր ժամանակներում մանուկները շատ արագ են մեծանում, եւ անհրաժեշտ է ապահովել նրանց դաստիարակության համար անհրաժեշտ պայմաններ»,- հայտարարել է դերասանուհին եւ հավելել. «Կախարդական հեքիաթները կարեւոր բարոյական դասեր են պարունակում եւ շատ օգտակար են փոքրիկների համար»:

Ջոլիի հայտարարությունը հետեւել է հայտնի բրիտանացի գրող-աթեիստ Ռիչարդ Դոքինզի անսպասելի հայտարարությանը: Չելտնեմում, հանդես գալով Գիտական փառատոնին, Դոքինզն ասել է, որ «ծնողները չեն կարող պատմել երեխաներին կախարդական հեքիաթներ, քանի որ դա վերջիններիս մոտ ոչ ճիշտ աշխարհընկալում է ստեղծում»:

«Ո՞վ է ասել, որ գորտը կարող է վերափոխվել արքայադստեր: Դա իսկական անհեթեթություն է, ընդգծել է Դոքինզը: Ոչ մի լավ բան չկա երեխային կախարդանքի հեքիաթային մթնոլորտում դաստիարակելու մեջ: Երեխաներին այլ բան է անհրաժեշտ՝ սկեպտիցիզմի հոգին», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Քենիայում անցկացրած մանկական տարիները հիշելով, գրողը նկատել է, որ իրեն «ֆանտազիան դուր էր գալիս»: «Սական գերբնականի նկատմամբ հավատ սերմանելը նշանակում է երեխային վնաս պատճառել», - նկատել է 73-ամյա գրողը:

Դոքինզը հայտնի է դարձել իր գրքերի շարքի շնորհիվ, որոնցում նա փորձում է ապացուցել Աստծո բացակայությունը եւ պաշտպանում է կենսաբանական կյանքի էվոլուցիոն տեսությունը: «Ես կորցրել եմ հավատս գերբնականի նկատմամբ 8-9 տարեկան հասակում», - խոստովանել է համոզված աթեիստը:

Ռիչարդ Դոքինզը վերջերս է ավարտել իր ինքնակենսագրականի առաջին հատորը՝ «Հրաշքի համը» վերնագրմամբ: