Ղրիմի ղեկավարի պաշոնակատար Սերգեյ Աքսյոնովը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կոչ է արել դադարեցնել թերակղզու կարգավիճակի շուրջ քաղաքական շահարկումները. Ղրիմը Ռուսաստանի կազմ է մտել անվերադարձ:
Պորոշենկոն շաբաթ օրը` երդմնակալության արարողության ժամանակ, հայտարարել էր, որ Ղրիմը Ուկրաինայի մասն է եւ այդ հարցում զիջումներ չեն կարող լինել: Ավելի վաղ Ղրիմի քաղխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը Ղրիմի մասին Պորոշենկոյի խոսքերը անվանել էր «ֆանտաստիկ անհեթեթություն», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ղրիմն այլեւս երբեք Ուկրաինայինը չի լինի, անկասկած, դա արդեն անցած փուլ է: Չեմ կարծում, որ կան Ուկրաինայի քաղաքացիներ, որոնք հավատում են, որ դա հնարավոր է` հաշվի առնելով հանրաքվեին ղրիմցիների դրսեւորած միասնականությունը»,- լրագրողներին ասել է Աքսյոնովը:
Նա վստահեցրել է, որ ղրիմցիների կամքին հակառակ ոչ ոք չի կարող նրանց այլ պետական միավորում ներքաշել: Ըստ Աքսյոնովի` Ղրիմն ուժեր եւ միջոցներ ունի` Ռուսաստանի կազմում ընդգրկվելու իր պատմական ընտրությունը պաշտպանելու համար:
Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն տեղի էր ունեցել մարտի 16-ին: Քվեարկողների մեծամասնությունը, ըստ հայտարարված պաշտոնական տվյալների, (96,77%) ` 83,1% մասնակցության պայմաններում, Ռուսաստանին միանալուն կողմ էին քվեարկել:





























