Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը հայտարարել է, որ չի հավատում նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Ուկրաինայի արեւմուտքում առճակատման մասնակիցների համաներման խոստմանը՝ պայմանով, որ նրանք ծանր հանցագործություններ գործած չլինեն: Այդ մասին հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:
«Ես այդ համաներումը չեմ դիտարկում որպես հերթական քայլ: Ես դրան չեմ հավատում, եւ մեր հանրապետությունում բնակվող ոչ մեկը չի հավատում», ընդգծել է Բոլոտովը:
Նրա խոսքերով, ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության իշխանությունները համաձայն են Պյոտր Պորոշենկոյի հետ երկխոսությանը ԼԺՀ-ից ուկրաինական զորքերի դուրս բերման եւ Ռուսաստանի միջնորդության պայմաններում:
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարներին չեն հետաքրքրում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունները: Այդ մասին հաղորդել է ԴԺՀ-ի վարչապետի օգնականներից մեկը՝ Ալեքսանդա Բորոդան:
«Մայիսի 11-ին կայացել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության անկախության հանրաքվեն, որի արդյունքում ԴԺՀ-ն անկախ պետություն է հռչակվել: Պյոտր Պորոշենկոն մեկ այլ՝ հարեւան պետության նախագահն է», - Բորոդայի խոսքերը հաղորդել է օգնականը:
Նա նշել է, որ Կիեւի իշխանությունների հետ բանակցությունները հնարավոր են միայն հակաահաբեկչական գործողությունների դադարեցումից հետո:





























