Լաս Վեգասից մի աճպարար որոշել է օգնել անօթեւաններին ` իր արվեստի եւ ոչ մեծ գումարի միջոցով:  Աճպարարը նրանցից վերցրել է մեկ դոլար, այն «վերածել» քսան դոլարի եւ հետ վերադարձրել, գրում է Huffington Post-ը:

YouTube-ում իր աճպարարություններով եւ տեսահոլովակներով հայտնի  Ռոբ Անդերսենը հսկիչի հագուստով մոտեցել է Լաս Վեգասի անօթեւաններին  եւ խնդրել իրեն մեկ դոլար տալ՝ վստահեցնելով, որ այդ թղթադրամը կեղծ է: Այնուհետեւ աճպարարն այն վերածել է քսան դոլարանոցի եւ հետ վերադարձրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Անօթեւանների արձագանքը աճպարարի հնարքին տարբեր է եղել: Շատերը զարմացել են, շատերն էլ շնորհակալություն են հայտնել Ռոբին` «երկնային պարգեւի համար»:

Ավելի վաղ Ռոբը տեսանյութ էր տեղադրել, որտեղ մոտենում էր անօթեւաններին դատարկ տոպրակով, որպեսզի վերջիններս ինչ-որ ուտելիք գցեն այնտեղ: Այնուհետեւ աճպարարը շրջում էր տոպրակը՝ տարբեր մթերքներ հանելով: