Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը խախտել է բոլոր նորմերը եւ, առիթն օգտագործելով, «արջի ծառայություն» մատուցել Ադրբեջանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:

Ըստ նրա՝ սա առաջին դեպքը չէ, երբ Նազարբաեւը ասես ստանձնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հովանավորությունը եւ այս կամ այն միջոցառմանը հանդես գալիս նրանց շահերի պաշտպանությամբ:

«Հարցն այնպես էր դրված, որ Հայաստանն է անդամակցում Մաքսային միությանը, այլ ոչ թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Մենք ասում ենք, որ ԼՂ-ն ինքնուրույն հանրապետություն է, սակայն հանդես ենք գալիս ԼՂՀ-ի անվտանգության երաշխավոր:  Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանը պետք է լինի այնտեղ, որտեղ Ռուսաստանն է, իսկ Ղարաբաղը՝ որտեղ Հայաստանն է», - նշել է Տաճատ Սարգսյանը: Նա ընդգծել է, սակայն, որ ստեղծված պայմաններում Հայաստանը չի կարող պահանջել, որ Ղարաբաղը Հայաստանի հետ գրանցվի որպես Եվրասիական միության անդամ,  քանի որ Հայաստանը եւ Ղարաբաղը մեկ պետություն չենդիտարկվում:  «Ինձ թվում է, որ առաջիկայում դրա հետ կապված խնդիրներ կլինեն, սակայն դրանք լուծելի են, եւ Ռուսաստանը պարտավոր է  այդ խնդիրներին համապատասխան լուծում տալ», - նշել է Տաճատ Սարգսյանը:

Հիշեցնենք, մայիսի 29-ին Աստանայում կազմակերպված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Նազարբաեւը Ադրբեջանի նախագահ Իլհամի Ալիեւ նամակի մասին էր հիշատակել, որտեղ Հայաստանին միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով Եվրասիական միություն մտնելու կոչ է արվում: Այդուհանդերձ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անտեսելով Ալիեւի նամակի մասին հիշատակումը, բոլոր փաստաթղթերն ամենակարճ ժամկետներում ստորագրելու անհրաժեշտությունն էր ընդգծել: