«Ժայռ» ՀԵՀԿ-ի նախաձեռնությամբ քաղաքային Անդերգրաունդին նվիրված՝ «Տարբերվիր. Եղիր համարձակ» կարգախոսով ֆլեշ–մոբերի շարքի երկրորդ միջոցառումը չինական հնագույն Վինգ-Չուն մարտարվեստի ցուցադրական դասը կայացավ այսօր՝ հունիսի 7-ին, Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ` Կոմայգու տարածքում։ (ֆոտոռեպորտաժ)

Միջոցառման նպատակը, ըստ կազմակերպիչների, մարտարվեստի այս տեսակը Հայաստանում զարգացնելն է եւ տարբեր տարիքի մարդկանց ներգրավելը:

«Քանի որ այն քիչ ճանաչելի է, բայց կան այդ մարտարվեստով զբաղվող շատ տաղանդավոր երիտասարդներ, դրա համար մենք որոշեցինք այսօր այս ֆլեշ-մոբը նվիրենք իրենց»,- NEWS.am-ին ասաց «Ժայռ» ՀԵՀԿ փոխնախագահ Գոհար Կարապետյանը:

Չինական այս մարտարվեստը տարածված է նաեւ կանանց շրջանում, քանի որ այն կանանց վստահության զգացողություն է ներշնչում:

«Զգացմունքը, որ ես կարող եմ ինձ պաշտպանել, շատ մեծ վստահություն է տալիս ինձ»,- NEWS.am-ին ասաց Վինգ-Չունի 1-ին կարգի միջազգային հրահանգիչ Լիդիա Հայկազյանը:

Վինգ-Չունի առավելություններն են էներգիայի խնայողությունը և հակառակորդի էներգիայի վերաուղղորդումը, ինչպես նաև մարմնի կենտրոնական գծով աշխատելու հարվածային տեխնիկաները։

«Վինգ-Չուն մարտարվեստում ինձ համար ամենակարեւորը մարտական ոգին է, տեխնիկան, արագությունն և ուժը»,- NEWS.am-ին ասաց Վինգ-Չուն մարտարվեստի 3-րդ կարգի վարպետ Հովհաննես Մուշեղյանը: