Հյուսիսային Ամերիկայում շոկոլադե քաղցրեղենի ամենախոշոր արտադրող Hershey ընկերությունը Կոլորադո նահանգում մարիխուանայով կոնֆետներ եւ շոկոլադե սալիկներ արտադրող ընկերության դեմ ապրանքային նշանի իրավունքի խախտման վերաբերյալ դատական հայց է ներկայացրել, հաղորդում է Associated Press գործակալությունը։ Բանն այն է, TinctureBelle եւ TinctureBelle Marijuanka բրենդի քաղցրեղենի չորս տեսակներ չափազանց նման են Hershey-ի կողմից թողարկվող արտադրանքին։
Կոլորադոյում մարուխուանայով կոնֆետները հատուկ վաճառակետերում եւ դեղատներում են վաճառվում։ Hershey-ում գտնում են, որ TinctureBelle քաղցրավենիքի փաթեթավորումը կարող է մոլորության մեջ դնել գնորդներին, այդ թվում նաեւ՝ երեխաներին։ Հետեւապես դատարանին «կրկնօրինակված» քաղցրավենիքների վաճառքը դադարեցնելու եւ հասցված վնասը փոխհատուցելու պահանջ է ներկայացվել։ Lenta.ru գործակալության հաղորդմամբ, պահանջվող փոխհատուցման չափը չի հրապարակվել։
Կոլորադոյի օրենսդիրները ներկայումս մարիխուանայով արտադրանքի տարբերակման նշաններին առնչվող կանոնները խստացնելու հնարավորությունն են քննարկում. պարզ է, որ դրանք հեշտությամբ կարող են սովորական կոնֆետների եւ տորթիկների հետ շփոթել։
Մարիխուանայի ազատականացման քննադատները, կանաբիսով թունավորման մի քանի ոչ մահացու դեպքերից բացի, թմրանյութ պարունակող ապրանքների չափից շատ օգտագործման դեպքում մահացու վտանգների հավանականությունն են մատնանշում։
Կոլորադոն ԱՄՆ միակ նահանգն է, որտեղ կարելի է ոչ բժշկական նպատակներով մարիխուանա աճեցնել, վաճառել եւ օգտագործել։ Վաճառքները հունվարի 1-ից՝ նահանգի 30 խանութներում են մեկնարկել։





























