Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետը կարեւորել է հարեւան Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդումը: «Իմ նպատակն է հետեւողականորեն իրականացնել Իրանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ մշակել նոր ծրագրեր: Վստահ եմ, որ առաջիկայում այս ուղղությամբ ունենալու ենք մեծ ձեռքբերումներ»,- նշել է կառավարության ղեկավարը:   

Դեսպանը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ նրան փոխանցել Իրանի առաջին փոխնախագահի ջերմ ողջույնները: «Ուրախ ենք Ձեր նշանակման կապակցությամբ եւ վստահ, որ Իրանի ու Հայաստանի միջեւ հարաբերություննրում նոր զարգացում կարձանագրվի»,- դիմելով վարչապետին՝ նշել է Մոհամմադ Ռեյիսին: Դեսպանի խոսքով՝ Իրանի իշխանությունները շահագրգռված են Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ ու հետագա խորացմամբ:       

Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանը եւ Մոհամմադ Ռեյիսին քննարկել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր: