ԱՄՆ-ն Ուկրաինային հավելյալ 48 մլն դոլար օգնություն է տրամադրել, որոնք կծախսեն առավելապես բարեփոխումների անցկացման համար, ինչպես նաեւ երկրի սահմանների պաշտպանության համար, շաբաթ օրը հայտնել է Սպիտակ տունը:
Օգնության տրամադրման մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդման արարողության համար ժամանած ԱՄՆ-ի փոխնխագահ Ջո Բայդենը: Գործող փաթեթի հետ միասին Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության ընդհանուր ծավալը կազմում է 184 մլն դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Շաբաթ օրը հատկացված միջոցները կծախսեն բարեփոխումների անցկացման համար, որոնք Ուկրաինայից պահանջել են ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի վարկատուները՝ տնտեսությունում մասնավոր սեկտորի ամրապնդում, պայքար կոռուպցիայի դեմ եւ էներգետիկ անվտանգություն, որի ներքո ԱՄՆ-ն առավելապես հասկանում է Ռուսաստանից էներգակիրների ներկրման կրճատում: Բացի այդ, առաջադրանքների թվում է նաեւ հետեւյալը. «Օգնությունը սահմանադրական բարեփոխումներին, ապակենտրոնացմանն ու վստահության ամրապնդմանը՝ հատկապես երկրի արեւելքում եւ հարավում»: ԱՄՆ-ը ձեռնպահ է մնացել ռազմական հավելյալ օգնության տրամադրումից, սակայն տրամադրված գումարի մի մասը կուղղվի Ուկրաինայի սահմանապահ ծառայությանը. այս կապակցությամբ մանրամասներ չեն ներկայացվում:
Բայդենը նաեւ հայտարարել է Մոլդավիային 8 մլն դոլարի եւ Վրաստանին՝ 5 մլն դոլարի հատկացման մասին:




























