Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԵՄ միջեւ գազի գնի շուրջ բանակցությունների հերթական փուլը կկայանա Բրյուսելում հունիսի 9-ին:
Ռուսաստանի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը հաղորդել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին, որ հունիսի 10-ին սպասվում է, որ Կիեւը կկարգավորի բոլոր հարցերը՝ կապված գազի դիմաց Ռուսաստանին ունեցած պարտքի հետ:
Բանակցությունների նախորդ փուլը կայացել է Բրյուսելում հունիսի 2-ին: Բանակցութունների արդյունքների հիման վրա «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել է, որ կանխավճարի ռեժիմի սահանումը հետաձգվում է մինչեւ հունիսի 9-ը:
Մայիսի 30-ին հայտնի է դարձել, որ ուկրաինական կողմը Գազպրոմին 786,4 մլն դոլար է փոխանցել փետրվարի եւ մարտի գազամատակարարման դիմաց: Գումարը հաշվարկված է հազար խորանարդ մետրի դիմաց 268,5 դոլար սակագնով, որը գործել է մինչեւ ապրիլի սկիզբ: Ապրիլի մեկից Ուկրաինայի համար գազի գինը բարձրացվեց մինչեւ 485 դոլարի, ինչի հետ Կիեւը կտրականապես համաձայն չէ:




























