Մայդանի հասարակական վեչեի մասնակիցները պահանջում են Գերագույն Ռադայի արտահերթ ընտրություններ եւ դրանց անցկացման օրվա նշանակում: Ինչպես հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը, նման պահանջ Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոյին եւ գործող խորհրդարանին ներկայացրել են Մայդանի Խորհրդի ներկայացուցիչները:

Ինչպես նշել են վեչեի մասնակիցները, Մայդանը չի ցրվում բազմաթիվ պատճառներով, որոնցից մեկն այն է, որ «մինչ այժմ իշխանության բարձրագույն օրենսդիր մարմնում գտնվում են մարդիկ, ովքեր հունվարի 16-ին կողմ են քվեարկել դիկտատորական օրենքներին»:

Ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական համակարգով, իսկ հասարակությունը պետք է կազմի ցուցակները: Վեչեի մասնակիցները պահանջում են Գերագույն Ռադա անցնելու սահմանը մինչեւ 3 տոկոս, «քանի որ այժմ գործող սահմանը թույլ չի տալիս խորհրդարան անցնել Մայդանում ձեւավորված քաղաքական ուժերին»:

Կիեւի Անկախության հրապարակում Հասարակական վեչեի մասնակիցները որոշել են նաեւ առաջարկով դիմել պետության ղեկավարությանը Պետական սահմանապահ ծառայության ձեւավորման վերաբերյալ, պահանջում են անհապաղ պաշտոնից հեռացնել ծառայության ղեկավար Նիկոլայ Լիտվինին:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության ժամանակ Պյոտր Պորոշենկոն հայտարարեց, որ կողմ է խորհրդարանի արտահերթ ընտրություններին: