Բռնաբարությունները «պատահաբար» են տեղի ունենում, հայտարարել է Չհաթիսգարհ նահանգի ներքին գործերի նախարար Ռամսեւակ Պաիկրան: Վերջին ժամանակներում Հնդկաստանում կրկին բողոքների ալիք է բարձրացել կապված կանանց վրա դաժան հարձակումների հետ:
«Նման դեպքերը(բռնաբարություններ) դիտավորյալ տեղի չեն ունենում: Նման միջադեպերը պատահաբար են լինում»,- հայտարարել է նա լրագրողներին: Ավելի ուշ քաղաքական գործիչը հայտարարել է, որ իր խոսքերը ձեւափոխել են:
Մայիսի վերջին հնդկական Ուտար-Պրադեշ նահանգում 14 եւ 15 տարեկան երկու քույր խմբակային բռնաբարության զոհ էին դարձել: Աղջիկներին գտել էին ծառից կախված վիճակում:
Այս շաբաթ հնդկական Մադհյա-Պրադեշ նահանգի ներքին գործերի նախարար Բաբուլալ Գաուրը, մեկնաբանելով կատարվածը, բռնաբարությունն անվանեց «սոցիալական հանցագործություն, որը կախված է ինչպես տղամարդուց, այնպես էլ կնոջից»: «Երբեմն այն արդարացված է, երբեմն՝ ոչ»,- նշել է նա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ուտար-Պրադեշ նահանգի գլխավոր նախարար Ակհիլեշ Յադավը խիստ քննադատության է արժանացել բնակչության կողմից իր անտարբերության համար ստորին կաստայի աղջիկների բռնաբարությունների եւ կախվելու նկատմամբ: Յադավի հայրը, շրջանային քաղաքական կուսակցության առաջնորդը դեմ է հանդես եկել խմբակային բռնաբարության մեջ մեղադրվողների մահապատժին՝ պնդելով, որ «տղաները երբեմն սխալվում են»:





























