Հունաստանի կառավարությունը մտադիր է բոլոր խոշոր նավահանգիստները վաճառել մասնավորեցման ծրագրի շրջանակներում՝ ակնկալելով, որ դա թույլ կտա երկրին միլիարդավոր եվրոների ներդրումներ ներգրավել եւ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծել, հայտարարել է ռազմածովային առեւտրի նախարար Միլիտիադիս Վարվիցիոտիսը The Wall Street Journal-ի կազմակերպած հարցազրույցի ընթացքում:
Նրա խոսքերով՝ Հունաստանը պատրաստ է առաջարկել ներդրողներին 13 խոշոր նավահանգիստներ, որոնք նախատեսում է վաճառել այդ ծրագրի ընթացքում, ինչպես նաեւ առանձին բանակցություններ վարել ոչ մեծ նավահանգիստներում միջոցների ներգրավման շուրջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: http://www.interfax.ru/business/380220
Հունաստանը, գտնվելով Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի խաչմերուկում, աշխարհագրական առավելություն ունի: Եվրոպայի եւ Ասիայի միջեւ առեւտրային երթուղիները աշխարհում ամենածանրաբեռնվածն են: 2008թ.-ից աշխարհի առաջատար նավահանգստային օպերատոր China Ocean Shipping Group Co. (Cosco)-ը օգտագործում է երկրի հիմնական նավահանգիստ Աթենքի մոտ գտնվող Պիրեյ նավահանգիստը՝ որպես հարավ-արեւմտյան Եվրոպայի կոնտեյներային բեռների վերաբեռնման հանգույց: Այստեղ են բեռնաթափվում Ասիայում թողարկված այնպիսի ընկերությունների ապրանքները, ինչպես օրինակ ամերիկյան Hewlett-Packard Co, չինական Huawei Technologies Co. եւ ZTE Corp.ընկերությունները:
Ակնկալվում է, որ Պիրեյ նավահանգստի մասնավորեցումը, որը ենթադրում է կառավարող ընկերության 67% բաժնետոմսերի վաճառք, կավարտվի տարվա վերջին: Բաժնետոմսերի ամբողջ փաթեթը ընթացիկ շուկայական գներով կազմում է մոտ 350 մլն եվրո, սակայն աճուրդը նաեւ ներառում է գնորդի պոտենցիալ ներդրումներ 350-400 մլն եվրո գումարի չափով հաջորդ 5 տարիների ընթացքում:
Եւս 100 մլն եվրո, հիմնականում Եվրամիության միջոցների հաշվին, կներդրվեն նավահանգստի կրուիզային տերմինալի թարմացման համար:




























