Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելը մերժելուց հետո Հայաստանի հետ նախքան նոր գործընթաց սկսելն անհրաժեշտ է պարզաբանել բոլոր հարցերը, հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը` պատասխանելով «Ազատություն» ռադիոյի հարցին, թե ինչպիսին կլինեն Հաայստան-ԵՄ հետագա հարաբերությունները:

Ըստ Բիլդտի`պետք է պարզել, թե ինչ ուղղությամբ է ցանկանում գնալ Հայաստանը, որն է Հայաստանի ընտրությունը:

«Մենք, իհարկե, ցանկանում ենք շարունակել հարաբերությունները Հայաստանի հետ` ստեղծված նոր իրևավիճակում, այստեղ կասկած լինել չի կարող: Միեւնույն ժամանակ, տարօրինակ է, որ մի քանի տարվա բանակցություններից հետո  24 ժամվա ընթացքում ամեն ինչ այլ կերպ ստացվեց», - ասել է Բիլդտը:

Բիլդտը հավելել է, որ ՄՄ-ն, որին ցանկանում է անդամակցել Հայաստանը, քիչ հնարավորություններ է առաջարկում ազատ առեւտրի համար:

«Այնտեղ բավական բարձր մաքսայտուրքեր են գործում, որը երկրի տնտեսական քաղաքականության վրա որոշակի սահմանափակումներ է դնում: Սակայն ընտրությունը Հայաստանինն է », - նշել է Բիլդտը:

Ըստ որոշ վերլուծաբանների` Հայաստանն ընտրել է եվրասիական անդամակցությունը Ռուսաստանի ճնշման ներքո: Բիլդտը նշել է, որ Հայաստանն ինքը պետք է լուծի իր հարցերը, քանի որ ՄՄ-ին անդամակցելը նույնպես այնքան հարթ չի տեղի ունենում, որոշակի խնդիրներ են ծագել, որոնց վերաբերյալ Հայաստանն իր եզրահանգումները պետք է անի: