Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Բորտնիկովը նախօրեին` ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի` Մինսկում կայացած նիստին անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել:

Ի պատասխան ԱՊՀ երկրներում իշխանությունը զավթելու փորձերի կանխման հարցում հատուկ ծառայությունների ունեցած դերակատարության վերաբերյալ հարցի, դաշնային ծառայության ղեկավարը նշել է, որ իր գլխավորած տեսչությունը «հաշվի է առնում այն հանգամանքը, որ հիշյալ երկրներում կարող են իշխանության զավթմանն առնչվող կոնկրետ մտադրություններ ունեցող ուժեր գործել» եւ հենց այդ նպատակով էլ հատուկ ծառայությունների կողմից այսուհետ առավել կտրուկ միջոցներ են ձեռնարկվելու, հաղորդում է NEWSru.com-ը:

«Իրադրության լարում հետապնդող ապակառուցողական ուժերի գործունեությունը ԱՊՀ երկրների տարածքում անթույլատրելի է: Մենք, օրենքի շրջանակում, կտրուկ միջոցներ ենք ձեռնարկելու` այդ ապակառուցողական ուժերին մեր երկրներում տիրող իրադրության վրա ազդեցություն գործելու հնարավորություններից զրկելու նպատակով», - հայտարարել է Բորտնիկովը:

«Մենք իրական մտադրություններ ենք տեսում, համապատասխան տեղեկությունները ստիպում են միջոցներ ձեռնարկել, միավորել ջանքերը, եւ մասնավորապես` տեղեկատվությամբ կիսվել», - նշել է պաշտոնյան` հավելելով, որ հիշյալ ուժերը սովորաբար ոչ լեգալ են գործում` մասնավորապես հենց ԱՊՀ երկրներում գործող արեւմտյան հասարակական կազմակերպությունների հաշվին:

Բորտնիկովն ընդգծել է, որ «հատուկ ծառությունների ջանքերը, նախ եւ առաջ, նմանատիպ իրավախախտումների դեմ պրոֆիլակտիկ միջոցների ձեռնարկմանն են ուղղված` օրինական ընդդիմադիր գործունեությունը արմատական բաղադրիչից զրկելու համար»: