Սա առաջին դեպքը չէ, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նման վերաբերմունք է դրսեւորում Հայաստանի նկատմամբ: Այդ ամենը մեկ կենտրոնից է ղեկավարվում` նախաձեռնողը Թուրքիան եւ նրա լրջագույն դաշնակիցը` Միացյալ Նահանգներն են: Հայտարարությունը հունիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսին Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն է հնչեցրել:
Նրա խոսքով, Նազարբաեւը կարող էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից ստացված` տվյալ հանդիպման հետ որեւէ առնչություն չունեցող նամակն, օրինակ, իր տան խոհանոցում կարդալ, եւ ոչ` բանակցությունների ընդհանուր սեղանի շուրջ եւ այդպիսի տոնով, որովհետեւ «երկրի ղեկավարի հետ այդպիսի տոնով խոսել չի կարելի»: «Մինչ այդ պայթյուն էր հնչել Չինաստանի հյուսիսում, Աֆղանստանում թալիբներն էին ակտիվացել, վահաբիթները գլուխ էին բարձրացրել Միջին Ասիայում, իսկ մեզ մոտ էլ` սահմանային միջադեպեր էին գրանցվել: Կարելի է նկատել, որ պանթուրքիստական կիսալուսնի ողջ ողնաշարով ցնցումներ են արձանագրվում, եւ դա պատահական չէ», - ընդգծել է նախկին պաշտոնյան` շեշտելով, որ հենց այդ ֆոնին է հիշյալ գաղափարախոսության առաջամարտիկներից մեկը` Նուրսուլթան Նազարբաեւը նմանատիպ հայտարարությամբ հանդես եկել Աստանայում:
Հիշեցնենք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի` մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստին Նազարբաեւը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակի մասին էր հիշատակել, որտեղ Հայաստանին միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով Եվրամիություն ընդունելու կոչ էր արվում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, այդուհանդերձ, անտեսելով Ալիեւի նամակի մասին հիշատակումը, մեկ անգամ եւս բոլոր փաստաթղթերի` ամենակարճ ժամկետներում ստորագրման կարեւորությունն է ընգծել:





























