Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Ուկրաինայի ՆԳՆ բոլոր մարտական եւ հերթապահ ստորաբաժանումները ամբողջ կազմով պետք է մասնակցեն երկրի արեւելքում անցկացվող ուժային գործողությանը:

«Որոշում եմ` ՆԳՆ մարտական եւ հերթապահ բոլոր ստորաբաժանումները  պետք է մասնակցեն հակաահաբեկչական գործողությանը», - գրել է Ավակովը Facebook-ի իր էջում:

Նախարարն ընդգծել է, որ ՆԳՆ այն աշխատակիցները, որոնք կհրաժարվեն մասնակցել ուժային գործողությանը, կհեռացվեն աշխատանքից:

Ըստ Ավակովի`  որոշ ուժայիններ արդեն հրաժարվել են մեկնել երկրի արեւելք կռվելու: Անցած շաբաթ երկրի հարավ-արեւելք ժամանած 86 ուժայիններից 21 մարդ հրաժարվել է մասնակցել ռազմական գործողություններին:

«Աշխատանքից հրաժարվելու դիմում են գրել. «Մենք այստեղ ենք եկել փող աշխատելու, այլ ոչ թե կյանքը վտանգելու»: Նրանք եկել էին ամսական 4500 գրիվնա վաստակելու», - գրել է Ավակովը: