Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի դեսպանատունը, որի նստավայրը գտնվում է Մոսկվայում, վիզաների վերաբերյալ դիմումների գործընթացը դյուրացնելու համար որոշում է կայացրել, որ Հայաստանի Հանրապետությունում Շենգեն տեսակի վիզայի համար ներկայացվող դիմումները (մինչեւ 90  օր մնալու համար), այսուհետ կարող են ներկայացվել արտերկրում ծառայություններ մատուցող գրասենյակ:

Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, թե այդ առթիվ Իսպանիայի դեսպանատունը եւ VFS Global-ը ուրախ են հայտարարելու, որ 2014 թվականի հունիսի 13-ին Երեւանում տեղի կունենա Վիզայի վերաբերյալ դիմումների ներկայացման կենտրոնի բացումը: Կենտրոնը կգործարկի VFS Global-ը, որը հանդիսանում է աշխարհի տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին եւ կառավարություններին տեխնոլոգիական ծառայություններ մատուցող եւ դրանք պատվիրակող խոշորագույն մասնագիտական ընկերությունը:

VFS Global-ն արդեն իսկ համարվում է Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Բելառուսում եւ Ղազախստանում օտարերկրյա մի շարք դեսպանատներին եւ հյուպատոսական բաժիններին ծառայություններ մատուցող  վստահելի գործընկեր, որը վիզայի ստացման համար մեծապես արդյունավետ եւ պատշաճ ծառայություններ է մատուցում դիմորդներին, եւ այժմ ամեն ինչ պատրաստ է իրենց առաջին գրասենյակը Երեւանում բացելու համար: VFS Global-ի կողմից գործարկվող կենտրոնի հիմնական առանձնահատկություններն են ավելի երկար աշխատաժամերը, դյուրին մուտք գործելու համար նախատեսված ինտերնետային կայքը, վիզայի եւ դրա տեսակների, գործող սակագների ու դիմումների կարգավիճակի մասին տեղեկատվությունը, վիզայի վերաբերյալ հարցումների հետ կապված հարցերի կարգավորման գծով մասնագիտացված եւ պատասխանատու անձնակազմի առկայությունը:

Մեծ կարեւորություն է տրվել հարմարավետությանը եւ մատչելիությանը: Այդ իսկ պատճառով, ի նկատի առնելով բոլոր դիմորդների հարմարավետության գաղափարը, կենտրոնը նախագծվել է թեքահարթակներով եւ նմանատիպ այլ հարմարություններով, որպեսզի դյուրացնի նաեւ հաշմանդամություն ունեցող դիմորդների մուտքը: Ընկերությունը կունենա նաեւ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն: Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող դիմորդներն այժմ կարող են դիմել VFS Global-ի՝ Վիզայի վերաբերյալ դիմումների ընդունման հարմարավետ կենտրոն եւ մշտապես ակնկալել ծառայությունների հմուտ եւ պատշաճ մատուցում:

Վիզայի վերաբերյալ դիմումների ընդունման կենտրոնը կտեղակայվի հետեւյալ հասցեում.

0010 Երեւան, Նալբանդյան փողոց 48/1, 2-րդ հարկ

Վիզայի վերաբերյալ դիմումների ընդունման կենտրոն ներկայացված դիմումների վերաբերյալ միակ որոշումը կայացնողը նախկինի պես կլինի Մոսկվայում Իսպանիայի դեսպանատունը: Մոսկվայում Իսպանիայի, ինչպես նաեւ Երեւանում Լիտվիայի դեսպանատները, նույնպես կշարունակեն ուղղակիորեն դիմումներ ընդունել այն հաճախորդներից, ովքեր նախընտրում են այդ տարբերակը (նախնական ժամադրության պարագայում): Վիզայի կենտրոնում դիմումներ ներկայացնելու համար կգանձվի ծառայության վճար:

Իրենց հյուպատոսական կանոնների համաձայն, Իսպանիայի ազգային վիզաների դիմումները (Դ տեսակի` 90 օրից ավելի, կամ աշխատանքային վիզայի դեպքում) պետք է նախկինի պես ներկայացվեն Մոսկվայի դեսպանատան հյուպատոսական բաժին` նախապես ժամադրություն վերցնելու միջոցով: