ԱՄՆ բանակի շտաբի պետ գեներալ Ռեյմոնդ Օդիերնոն ընդհատել է այցը Լեհաստան եւ Լոնդոն մեկնել: Տեղեկությունը Լեհաստանի ԶՈւ գլխավոր հրամանատարության մամուլի քարտուղար Արթուր Գոլավսկին է հաղորդել:

Նախատեսվում էր, որ Օդիերնոն Դրավսկ Պոմորսկի անունը կրող տեղանքի պոլիգոն է այցելելու, որտեղ երկու երկրների համատեղ զորավարժություններ են պատրաստվում: Բացի այդ, Լեհաստանի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչների հետ հանդիպումներ էին ծրագրված: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, գեներալի պլանների փոփոխման պատճառը չի հաղորդվում:

Ավելի վաղ` ողջույնի պաշտոնական արարողության ժամանակ, ԱՄՆ բանակի շտաբի պետը այցի շրջանակում նախատեսված ծրագիրը լիովին իրականացնելու մտադրություն է ունեցել: Կարճ ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ մտադիր է «ռազմական համագործակցության շուրջ կարեւոր հարցեր քննարկել, ինչպես նաեւ ամերիկյան եւ լեհական զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններին ներկա գտնվել: «Մեր հարաբերությունները սերտ են, իսկ երկարամյա ռազմական համագործակցությունը` չափազանց ամուր»,- հայտարարել է Օդիերնոն: