Ազգային Ժողովում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության նպատակով Եվրոպական ներդրումային բանկից 60 մլն եվրոյի չափով վարկի ստացման պայմաններն են քննարկել: Այն 30 տարով եւ 0,6 տոկոս գումարած Euribor պայմանով է տրամադրվելու: Վերջին ցուցանիշը ներկայումս շուրջ 1 տոկոս է կազմում:

Տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելկանի հաղորդմամբ, միջոցները մայրուղու` Լանջիկ գյուղից մինչեւ Գյումրի ձգվող` 27,47 կմ երկարությամբ հատվածի շինարարությանն են ուղղվելու: Վարկի գումարը 12 տրանշով է տրամադրվելու` 5-ական մլն եվրոյի չափով:

Ի հավելումն, վարկավորման պայմանների մեղմացման նպատակով, որպես Եվրամիության հարեւանության ներդրումային գործիք, 12 մլն եվրո է հատկացվելու, որից 6 մլն-ը հիշյալ շինարարությանը կուղղվի, իսկ երկրորդ կեսը` մայրուղու` Գյումրիից մինչեւ վրացական սահման հատվածի նախագծին: Բացի այդ, Գյումրիից դուրս` շրջանցիկ ճանապարհի շինարարություն է նախատեսվում` բարձր բեռնվածությամբ տրանսպորտային միջոցների համար:

Հյուսի-հարավ ավտոմայրուղու ընդհանուր արժեքը պետք է 967 մլն ԱՄՆ դոլար կազմի, որից 500 մլն-ը Ասիական զարգացման բանկից է ստացվելու (ներկայումս երրորդ տրանշով նախատեսված աշխատանքներն են ընթանում): Միջոցների տրամադրումը 2017թ.-ին է ավարտվելու: Մայրուղին, գործող ճանապարհների ներգրավմամբ, Իրանի հետ սահմանից մինչեւ հայ-վրացական սահման է ձգվելու (Մեղրի-Բավրա): Այն բետոնե ծածկույթ է ունենալու, իսկ ներկայիս ճանապարհներին մեծամասնություն կազմող երթեւեկության 2-ական գոտիները 4-ով են փոխարինվելու: