ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր հուշերի գրքում գրել է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին իրենց հանդիպումների ժամանակ սիրում էր բամբասել, գրում է Politico պարբերականը, որի տրամադրության տակ են հայտնվել որոշ հատվածներ այդ գրքից:

«Համաշխարհային առաջնորդների մեծամասնությունը անձնական շփումների ժամանակ սովորաբար ավելի լուռ են, քան թվում է, բայց ոչ Սարկոզին: Նա անընդհատ բամբասում էր, ձեռքի հետ նկարագրելով մյուս առաջնորդներին: Նրանցից մեկը, Սարկոզիի խոսքով, «թմրանյութերով տարված մոլագար էր», մյուսը բանակ ուներ, որը «չգիտեր, ինչպես պատերազմել», երրորդը «անտակտ» մարդկանց մեծ հերթի ներկայացուցիչ էր»,-Քլինթոնի գրքից մեջբերում է պարբերականը, որը նվիրված է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հարաբերություններին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Բացի այդ, Քլինթոնը գրել է, որ Սարկոզին մշտապես ափսոսանք էր հայտնում, որ դիվանագետների աշխարհը հիմնականում տղամարդկանցից է բաղկացած: «Նա ինձ միշտ հարցնում էր՝ ինչու են դիվանագետները, որոնք հանդիպում են իր հետ, այդքան ծեր են, գորշ ու արական սեռի»,-ասված է ԱՄՆ նախկին պետքարտուղարի գրքում:

Նշենք, որ Քլինթոնի նոր գիրքը (Դժվար այլընտրանքներ) լույս կտեսնի հունիսի 10-ին: