ԱՄՆ կոնգրեսը հանդես կգա Հյուսիսատլանտյան դաշինքի արեւլյան սահմաններին ռազմական ներկայությունն ուժեղացնելու առաջարկությամբ: Հայտարարությունը պաշտոնական այցի շրջանակում Բուխարեստում գտնվող ամերիկյան սենատոր Ջոն ՄաքՔեյն է հնչեցրել` ռումինական Gandul պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Արեւելյան Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ներկայությունն ուժեղացնելու մտադրություններ կան, բայց դրա համար կոնգնեսը պետք է հավելյալ 1 մլրդ դոլար հատկացնելու համաձայնություն տա, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:
Մաքքեյնն ընդգծել է, որ խոսքը ոչ թե Եվրոպայում նոր ռազմաբազաների ստեղծման, այլ` գոյություն ունեցող բազաների ուժերի եւ ռեսուրսների կոնսոլիդացման մասին է:
«Դաշինքն առանց այդ էլ հրաշալի կառույցներ ունի: Այս տարածաշրջանում, օրինակ` հենց Ռումինիայում, կան այնպիսի բազաներ, որոնք կարող են համատեղ զորավարժությունների համար օգտագործվել: «Ավանդական ռազմաբազաներին հատուկ` «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր այդքան հայտնի ենթակառույցների` դպրոցների, հոսպիտալների եւ այլ հաստատությունների ստեղծման վրա գումարներ ծախսելու հարկ չի լինի: Հարկավոր է ոչ թե կառույցներ փոխել, այլ դաշինքի ներսում ռեսուրսների օպտիմալ վերաբաշխում կազմակերպել», - հայտարարել է սենատորը` հավելելով, որ նշված անհրաժեշտություններն «ուկրաինական ճգնաժամով են պայմանավորված»:





























