Երեւանում հունիսի 9-ին կայացել է հայ-ճապոնական գիտակրթական «Հիկարի» կենտրոնի նոր շինության բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը մասնակցելու համար Երեւան է ժամանել պատվիրակություն Երեւանում Ճապոնիայի դեսպան(նստավայրը Մոսկվայում) Չիկիահիտո Հարադայի(Chikahito Harada) գլխավորությամբ:
«Հիկարի» բառը թարգմանաբար նշանակում է լույս: Հանդիսավոր օրը նոր շինությունը զարդարել էին հարյուրավոր ճապոնական կուսուդամաներով: «Լույսն ու դրական էներգիան կօգնեն կամուրջ ստեղծել երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների համար»,- նշել է կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը:
Հայաստանի փոխրտգործնախարար Սերգեյ Մանասարյանի խոսքով՝ ավելի քան երկու տասնամյակի ընթացում երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները զարգացել ու ամրապնդվել են: Հայաստանն իր դեսպանությունն ունի Տոկիոյում, մյուս տարի Ճապոնիայի դեսպանատունը կբացվի Երեւանում, ինչը նոր որակ կհաղորդի հարաբերություններին:
Կենտրոնի սաները ներկաներին ծանոթացրել են դրա ստեղծման պատմությանը եւ գործունեությանը՝ ճապոներեն լեզվով:
Կենտրոնում ճապոներենի դասընթացներ են անցկացվում, օրիգամիի պարապմունքներ երեխաների համար: Կերամիկայի համար խումբն է ստեղծվում, ծրագրվում է թատերական խումբ, առավել եւս որ սեփական դահլիճ ունեն: Ճապոնական կողմն օգնում է գրականության հարցում:
Ինչպես հաղորդում էին նախկինում, Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը(նստավայրը Մոսկվայում) հովանավորել է շենքի վերանորոգումը, որում կտեղակայվի «Հիկարին»: 120 հազար դոլար չափով գրանտային ծրագիրը կոչվում է «Հիկարի կենտրոնի վերանորոգման ծրագիր»: Շենքն ունի 240 քառ. մետր մակերես, գտնվում է Սարյանի 33 հասցեում: Շենքի առջեւ գտնվող տարածքում «Հիկարին» նախատեսում է ճապոնական ոճի այգի հիմնել:





























