Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ միասին, այսօր՝ հունիսի 10-ին, մեկնարկել է անգլերենի ուսուցման մի նոր նախաձեռնություն, որի շրջանակում անգլերեն սովորելու ընդլայնված հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի հեռավոր բնակավայրերի երիտասարդների համար:
«Նոր տեխնոլոգիաների միջոցով անգլերենի տարածում հեռավոր շրջաններում» ծրագիրը նախաձեռնել եւ ֆինանսավորում է ԱՄՆ պետքարտուղարությունը, իսկ Հայաստանի մանուկներ հիմնադրամն իրականացում է այն: Ծրագիրը նպատակ ունի օգնել Հայաստանի հեռավոր շրջանների անգլերեն սովորողներին, ովքեր իրենց տրամադրության տակ լեզուն սովորելու համար անհրաժեշտ միջոցներ կամ ընդհանրապես չունեն, կամ էլ այդ միջոցները շատ սահմանափակ են:
Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցն ավարտած մարզային համայնքներում բնակվող երիտասարդների համար, եւ իրականացվում է համացանցի կիրառմամբ ու ընտրված տեղի գրադարանների ու դպրոցների միջոցով:
Դասընթացը 17-35 տարեկան այն երիտասարդների համար է, ովքեր ընդհանուր առմամբ, եթե բուհում չեն ուսանում կամ մասնավոր դասերի չեն գնում, ապա ուսուցչի հրահանգավորմամբ լսարանային պայմաններում անգլերեն սովորելու հնարավորություն չունեն: Լեզվական ուսուցումն ընթանալու է երկու ուղղությամբ՝ խոսակցական եւ գործարար անգլերեն: Շաբաթական կլինի երկու առցանց դաս եւ մեկ լսարանային պարապմունք տեղում՝ խոսակցական անգլերենից: Նախնական փուլում ներառված են շուրջ 150 մասնակիցներ Արմավիրից, Գավառից, Եղեգնաձորից եւ Գորիսից:





























