Իսրայելի խորհրդարանը պատրաստվում է երկրի նախագահի ընտրություններին, ով կփոխարինի կառավարման 7-ամյա ժամկետը ավարտած խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիմոն Պերեսին:

Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարողների թիվը հինգն է, ովքեր իրենց դիմումի աջակցության համար հավաքել են նախարարների տասական ստորագրություններ: Տեղական ԶԼՄ-ները ֆավորիտ են համարում առաջադրված թեկնածուներից աջ ճամբարի միակ ներկայացուցիչ քնեսետի նախկին խոսնակ 74-ամյա  Ռեուվեն Ռիվլինին: Վերջինս «Լիկուդ» կառավարող կուսակցության անդամ է, հաղորդում է «ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ»-ն:

Թեկնածուի հիմնական մրցակիցները երկուսն են՝ ձախ կենտրոնական հոսանքի պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ Դալիա Իցիկը, ով առաջին կինն է եղել խորհրդարանի խոսնակի պաշտոնում եւ որոշ ժամանակ նաեւ՝ նախագահի պաշտոնակատար: Մյուս թեկնածուն ձախ կենտրոնական շարժման՝ «Հա-Տնուա»-ի  անդամ, գործող պատգամավոր Մեիր Շիտրիտն է, ով իր կարիերայի ընթացքում ղեկավարել է 7 նախարարություններ, այդ թվում նաեւ՝ ֆինանսերի, արտաքին գործերի, արդարադատության:

Բացի վերոնշյալներից, նախագահի պաշտոնի հայցորդներ են նաեւ արդարադատության Գերագույն դատարանի նախկին դատավոր Դալիա Դորները եւ քիմիայի Նոբելյան մրցանակակիր Դան Շեխթմանը:

Իսրայելի նախագահը ընտրվում է խորհրդարանի գաղտնի քվեարկությամբ: Նախագահի թեկնածուին հաղթանակի համար անհրաժեշտ է 120 պատգամավորներից 61-ի աջակցությունը: Եթե անհրաժեշտ քանակություն չի ապահովվում, անցկացվում է երկրորդ փուլը նմանատիպ պայմաններով: