Ռուսաստանը, Գերմանիան եւ Լեհաստանը կիսում են Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտության մոտեցումը՝ ապրիլի 17-ին կնքված ժնեւյան համաձայնագրի եւ ԵԱՀԿ-ի «ճանապարհային քարտեզի» հիման վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր գերմանացի եւ լեհ գործընկերների՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եւ Ռադոսլավ Սիկորսկիի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Մենք համոզված ենք, եւ մեր գործընկերները կիսում են այդ մոտեցումը, որ անկախ Ուկրաինայում տեղի ունեցածի վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններից, այսօր անհրաժեշտ է կենտրոնանալ արյունահեղության անմիջապես եւ անխոս դադարեցման, ուժի կիրառության դադարեցման եւ Ուկրաինայի բոլոր շրջանների մասնակցությամբ երկխոսության սկսելու վրա, որպեսզի համաձայնեցվի այդ պետության ապագա պետական կառուցվածքը», - ասել է Լավրովը:

«Մենք աջակցում ենք ապրիլի 17-ից Ժնեւի հայտարարութան մեջ ամրագրված պայմանավորվածությունը, մենք կողմ ենք ԵԱՀԿ-ի նախագահ Դիդիե Բուրկհալտերի կողմից  առաջարկված ճանապարհային քարտեզին: Մենք հույս ունենք, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով բարձրաձայնել է հակամարտությունը դադարեցնելու եւ ճգնաժամի հաղթահարման ուղիների հայթայթման խնդիրը, կգործի հենց այդ ուղղությամբ, - շարունակել է ՌԴ-ի ԱԳՆ ղեկավարը: Ռուսաստանի Դաշնությունը  պատրաստ է աջակցել այդ քայլերին, որպեսզի ուկրաինացիները նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ վերջապես ցանկալի պայմանավորվածության գան: Ճգնաժամի պատճառները Ուկրաինայում են եւ հենց ուկրաինացիները պետք է ելք գտնել այդ իրավիճակից»,- եզրափակել է նա:

Ռուս նախարարի խոսքերով՝ մարդասիրական միջանցքների մասին Պորոշենկոյի առաջարկությունը ճիշտ ուղղությամբ քայլ է: Նա համոզված է, որ իրավիճակը հարթելու բանալին բողոքողների դեմ զինվորական գործողությունների դադարեցումն է: