Տաջիկստանի գրեթե բոլոր ինտերնետ-պրովայդերները փակել են YouTube տեսահոսթինգի ուղիղ հասանելիությունը, սոցիալական ցանցերում հաղորդում են պրովայդերների հաճախորդները: Միայն երկու խոշոր պրովայդերների մոտ էր երեքշաբթի երեկոյան YouTube-ը հասանելի՝ ռուսական «Մեգաֆոնի» տաջիկական դուստր ընկերության եւ Telecomm Technology մասնավոր պրովայդերի: Սկանդինավյան TeliaSonera (Տաջիկստանում աշխատում է TCell ապրանքանիշով) եւ ռուսական «Վիմպելկոմի» «դուստրերը» («Բիլայն» ապրանքանիշ), Babilon-T եւ Saturn-Online ընկերությունները, ինչպես նաեւ Տաջիկտելեկով պետական օպերատորը երկուշաբթի երեկոյան արգելափակել են YouTube-ը:

«Ռեսուրսի արգելափակման հրամանը մեզ «վերեւից» են տվել: Ոչնչով չենք կարող օգնել», հաղորդել է վիդեոհոսթինգի արգելափակող պրովայդերներից մեկի ծառայության աշխատակիցը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Վերջին անգամ Տաջիկստանում YouTube-ը արգելափակվել է 2013թ. մայիսին: Այն ժամանակ YouTube-ում հրապարակվել էր ընդդիմադիր կենտրոնական «К+» հեռուստաընկերության ծրագիրը, որը վարում էր հանրապետության սահմաններից դուրս բնակվող ընդդիմադիր տաջիկ լրագրող Դոդոջոն Աթովուլոեւը: Հաղորդման մեջ ցուցադրվել էին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի տղայի՝ Ռուստամ  Էմոմալի հարսանիքից կադրեր: Լրագրողը քննադատել է հարսանիքի շքեղությունը: Սակայն արդեն մի քանի օր հետո վիդեոռեսուրսի նկատմամբ հասանելիությունը վերականգնվել էր: