Կարիբյան ճգնաժամը խորհրդային ժամանակների քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի անմիջական միջամտության շնորհիվ է հարթվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն է հայտնել` անդրադառնալով Միկոյանի հուշարձանի` Երեւանում տեղադրման անհրաժեշտության հարցին:

Նախկին պաշտոնյայի խոսքով, երկրագունդը երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի առաջ է կանգնած եղել` րոպե առ րոպե ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ` Խորհրդային Միության կողմից միջուկային հարվածներ էին սպասվում: «Այդ օրերին Անաստաս Միկոյանը անձամբ է բանակցություններ վարել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի հետ: Եվ, շնորհիվ այդ բանակցությունների, մարդկությունը երրորդ աշխարհամարտից խուսափեց», - նշել է Գուրգեն Եղիազարյանը` հավելելով, որ եթե նույնիսկ դա է Միկոյանի միակ արժանիքը, ապա միեւնույնն է` նա աշխարհը մեծագույն աղետից է փրկել:

Եթե հուշարձանի կանգնեցմանը հակառակվողների մոտիվացմամբ առաջնորդվենք, ապա, ըստ Գուրգեն Եղիազարյանի, ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամային եւս պետք է հանցագործ համարել: «Քանի որ նրա իշխանավարման տարիներին ողջ Եվրոպայով մեկ գաղտնի բանտեր են հայտնաբերվել, որտեղ ինքնաթիռներով անանուն մարդկանց էին տեղափոխում` կտտաննքների ենթարկելու համար: Նման բանտեր Եվրոպայի հենց սրտում` Լեհաստանում, Չեխիայում. Ռումիանիայում են եղել: Այդ մարդկանց մասին ոչ ոք ոչինչ չի ասում: Ո՞վ է ասում, որ եթե մարդն արաբ է, ուրեմն անպայման պետք է ահաբեկիչ լինի», - նշել է Գուրգեն Եղիազարյանը: