Իրան-Հայաստան երկաթուղին կարող է այլընտրանք դառնալ Պարսից ծոցի նավահանգիստներին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Արթուր Առաքելյանը: Նա նշել է, որ երկաթուղին կարող է այլընտրանքային երթուղի առաջարկել Իրանից դեպի սեւծովյան նավահանգիստներ:
«Ինչպես հայտնի է, Օրմուզի ծոցը սահմանափակումներ ունի, հատկապես ծանր նավերի դեպքում: Հետեւաբար, բեռների փոխադրումը, նաեւ նավթամթերքների դեպքում, երկար ժամանակ են պահանջում: Այս տեսակետից Իրան-Հայաստան երկաթգիծը կարող է իր առավելություններն ունենալ՝ հասնել սեւծովյան նավահանգիստներ եւ Եվրոպա մուտք ունենալ առանց ժամանակի կորստի»,- հայտարարել է Առաքելյանը:
Հավանական է, որ շուտով պոտենցիալ ներդրողների հետ քննարկումներ սկսվեն, հավելել է նա: «Մենք ցանկանում ենք նախագծի վրա հրավիրել ոչ թե հովանավորների, այլ վարկատուների ուշադրությունը, քանի որ հավատում ենք, որ կկարողանան վճարել»,- հայտարարել է նա:
Հայկական երկաթգիծը կձգվի 316 կմ, որից հետո միանում է գործող ցանցին: «Հնարավոր է, որ այն արագընթաց չլինի: Այնտեղ 102 կմ թունել է ձգվում, 24 կմ կամուրջ: Սակայն 80 կմ/ժ արագությամբ հնարավոր է բեռների փոխադրում»,- նշել է Առաքելյանը:
Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը գնահատվել է 3,5 մլրդ դոլար: Աշխատանքները կմեկնարկեն 2015թ.-ի առաջին եռամսյակում: 2013թ.-ի հունվաի 18-ին Դուբայում կնքվեց եռակողմ հուշագիր Հայաստանի Հարավկովկասյան երկաթգծի զարգացման վերաբերյալ:
Նախագծի ներդրողները դեռ ամբողջությամբ որոշված չեն:





























