Ուրուգվայի քաղաքացի Իգնասիոն, ով մոտ երկու ամիս առաջ էր կորցրել «Նեգրո» անունով շանը, հույս չուներ գտնել այլեւս սիրելի կենդանուն, երբ պատահաբար գտել է նրան Facebook-ի էջերից մեկում՝ անգլիացի երկրպագուների շարքում, ովքեր որոշել էին ոտքով հասնել «մունդիալին» եւ իրենց ճանապարհորդության մասին տպավորությունները պատմում էին սոցիալական կայքում:

Ֆուտբոլի մոլի երկրպագուներ եւ ոտքով արշավների սիրահարներ, անգլիացիներ Ադամ Բեռնսը, Դեւիդ Բեուիկը, Փիթ Ջոնսոնը եւ Բեն Օլսենը որոշել էին Արգենտինայից մինչեւ Բրազիլիա ողջ տարածությունն ոտքով անցնել: Նրանք իրենց տպավորություններով կիսվում էին հատուկ այդ նպատակով ստեղծված ֆեյսբուքյան «Walk to the World Cup» էջում:

Ճանապարհն անցնում էր Ուրուգվայով: Ինչպես հաղորդել են անգլիացիները իրենց ֆեսյբուքի էջում, Սոլիս առողջարանային վայրում նրանց է մոտեցել մի խոշոր, սեւ շուն, որին նրանք անմիջապես անվանել են «Ջեֆերսոն»: Շունը միանգամից դարձել է համընդհանուր սիրելի եւ խմբի հետ քայլել է ընդհանուր առմամբ ավելի քան 500 կիլոմետր: Նոր «երկրպագուի» մասին անգլիացիները պատմել են սոցկայքում՝ հրապարակելով մի քանի լուսանկար եւ տեսանյութ՝ շանը ներառելով արշավախմբի մասնակիցների «պաշտոնական» ցուցակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նկարներից մեկը պատահաբար նկատել է Իգնասիո Էչիչուրին՝ շան նախկին տերը: Նա անմիջապես գրել է անգլիացիներին այդ մասին: Նրանք սկզբում նմանատիպ համընկմանը չեն հավատացել եւ խնդրել են Իգնասիոյին «Ջեֆերսոնի» հետ որեւէ նկար ուղարկել: Իգնասիոն անմիջապես մի քանի լուսանկար է ուղարկել, որից հետո անգլիացիները վերջապես հավատացել եւ պայմանավորվել են հանդիպել: Հանդիպումը տեղի է ունեցել բրազիլիական Պորտու-Ալեգրի քաղաքի «Բեյրա-Ռիո» մարզադաշտում: Իգնասիոն մեծ դժվարություններով է այնտեղ հասել. մունդիալի նախօրեին բոլոր տոմսերը վաճառված էին: Բրազիլիա նա հասել է տեղացի գյուղացիներից մեկի բեռնատարով: